Պարզվում է, «գունավոր հեղափոխություններն» ունեն իրենց տրամաբանությունն ու ձևաչափը, ինչը պայմանավորում է մի որոշակի գործընթաց, իսկ սա հանգեցնում է ճգնաժամի շարունակման, ընդ որում` տևականորեն։ Մեծ մասամբ «գունավոր հեղափոխությունները» շատ շուտ սպառում են իրենց, բայց «մնացորդային» իրադարձությունները շարունակվում և նոր հատկանիշներ են ձեռք բերում։
Կասկած չկա, որ Ղրղզստանի հարավի իրադարձությունները նախապատրաստվել և խաղարկվել են իշխանությունից մեկուսացված նախագահի կլանի կողմից, որն օգտագործել է միմյանց նկատմամբ ղրղզների և ուզբեկների ունեցած վաղեմի պահանջներն ու վիրավորանքները։ Հնարավոր է, որ այդ իրադարձությունների կազմակերպիչները խորհրդակցել ու բանակցել են շահագրգիռ տարբեր պետությունների ներկայացուցիչների հետ, սակայն այդ պետություններից և ոչ մեկը նման զարգացումներ չէր կարող նախաձեռնել, քանի որ նրանք լավ են գիտակցում նման ռիսկերի գինը։ ԱՄՆ-ը, օրինակ, որը շահագրգռված է իր «Մանաս» ռազմական բազայի կայուն ու կանխատեսելի դրությամբ, ներկա իրավիճակում ամենևին շահագրգռված չէ այդ իրադարձություններով։ Ռուսաստանը ցուցադրաբար հայտարարեց, որ Ղրղզստանում ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայությունը, այսպես թե այնպես, հանգեցնում է իրավիճակի ապակայունացման, ինչը քիչ հիմնավորված է։ Չինաստանը շարունակում է հետևել իրադարձություններին, հիանալի իմանալով խնդրի էությունն ու հասկանալով, որ այդ ամենը կարելի է առանց որևէ դժվարության տեղայնացնել։ Եվրոպացիները սահմանափակվեցին թեթևակի ռեպլիկներով։ Մեծ կասկածներ կային Թուրքիայի հասցեին, որը, անկասկած, Կենտրոնական Ասիայում նման իրադարձությունների վրա ներգործելու որոշ հնարավորություններ ունի, բայց դրանց կիրառումը կնշանակեր Թուրքիան ներքաշել շատ բարդ հակամարտության մեջ։ Թուրքիան նախընտրում է հետևել ճգնաժամային իրավիճակներին չմիջամտելու կանոնին, եթե դրանք պլանավորել կամ նախաձեռնել են քաղաքական կամքի այլ կենտրոններ, չնայած Անկարան էլ միանգամայն կարող է նախագծել և մասնակցել հակամարտությունների, որոնք հանգեցնում են տարածաշրջաններում իր դիրքերի ամրապնդմանը։
Ղրղզստանը հարմար փորձադաշտ է տարբեր արտաքին նախաձեռնությունների համար, և հնարավոր սադրանքների գլխավոր ուղղությունն ու նպատակը ՈՒզբեկստանն է` որպես Կենտրոնական Ասիայի առաջատար պետություն։ Ցանկացած հակամարտության ձգտում տարածաշրջանում իզուր է, եթե կապված չէ ՈՒզբեկստանի շահերի, նրա անվտանգության հետ։ «ՈՒզբեկական ասպարեզից» դուրս մնացած բոլոր հակամարտությունները Կենտրոնական Ասիայում ունեն տեղային նշանակություն։ 2010 թ. հունիսի իրադարձությունները ենթադրում են հակամարտության ընդլայնում, ճգնաժամային լուծումների պարտադրում ամբողջ տարածաշրջանին և ուժի արտաքին կենտրոնների ներքաշում։ Բայց այս հակամարտությունը կարող է ցուցադրական դառնալ ներկա «համաշխարհային կացութակարգի» նոր տրամաբանության ցուցադրման համար, երբ աշխարհում ուժեղանում են «իզոլյացիոնիզմը» և այլ պետությունների ու տարածաշրջանների արտաքին գործերին միջամտությունից հրաժարումը։
Այս ընդգրկուն տրամադրություններին ու դրդապատճառներին նախորդել են լուրջ իրադարձություններ, որ կարելի է անվանել «վիետնամական ախտանիշերի» համակցության գաղափարատեսակ։ Այդ ախտանիշը Ռուսաստանի համար իրողություն դարձավ Աֆղանստանում «խորհրդային ռազմարշավից» և չեչենական պատերազմից հետո, ԱՄՆ-ի համար` Իրաքում և նույն Աֆղանստանում ռազմական գործողություններից հետո։ Եվրոպացիներն անգամ պետք չունեին մասնակցելու նման արկածա-խնդրությունների` այդպիսի ախտանիշում հայտնվելու համար, նրանց հերիք էր սոսկ դրան հետևելը։ Բայց անգամ եվրոպացիները ներքաշվեցին այդ իրադարձությունների մեջ։ Այս ամենին ավելանում է իսլամական արմատականների դեմ մղվող պայքարը։ Ժամանակակից արևմտյան ընկերակցության համար, որի մաս է, անկասկած, դարձել Ռուսաստանը, անգամ համեմատաբար ոչ մեծ հակամարտությունը մեծ խնդիր է թվում։ Ռուսաստանը չմիջամտեց Օշի ընդհարումներին ոչ միայն որովհետև չէր ցանկանա «ծառայություն» մատուցել ամերիկացիներին` կայունացնելով իրավիճակը Ղրղզստանում, այլև որ չուզեց մասնակցել իրեն խորթ իրադարձություններին։ Միաժամանակ, ՀԱՊԿ-ը, որը վերջերս նախագծեց ու հաստատեց նման հակամարտությունների համար նախատեսված ռազմական հատուկ կառույց, ցույց տվեց նման իրադարձությունների հանդեպ իր անտարբերությունը։
ԱՄՆ-ն առհասարակ մտքով չէր անցկացնում որևէ անմիջական մասնակցություն, նրան իր ներկա հոգսերը լիուլի հերիք էին։ Չինաստանի միջամտության մասին ևս խոսք չեղավ, էլ չենք խոսում եվրոպացիների մասին։ Հետևելով մեծ տերությունների տրամաբանությանը, ՈՒզբեկստանը, որը Կենտրոնական Ասիայում գերիշխող դերի է հավակնում, նույնպես հայտարարեց ղրղզական իրադարձություններին իր միջամտության անհնարինության մասին։ Եվ, վերջապես, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որը հավակնում է տարածաշրջանային եվրասիական կազմակերպության դերին, առհասարակ «կյանքի նշաններ» ցույց չտվեց այդ իրավիճակում։ Կարելի է ենթադրել, որ եթե անգամ որևէ պետություն, ասենք, ՈՒզբեկստանը կամ Թուրքիան, միջամտեին այդ իրադարձություններին, անգամ այդ դեպքում համաշխարհային կենտրոնները չէին ցանկանա միանալ։ Այս բանը չեն կարող չհասկանալ տարբեր տարածաշրջաններում որոշակի հավակնություններ ունեցող տարբեր պետություններն ու անդրազգային ռազմաքաղաքական կառույցները։ Ընդ որում, իհարկե, խոսքն ամենևին էլ միայն Կենտրոնական Ասիայի մասին չէ, այլ նաև ուրիշ շատ տարածաշրջանների։
Այսպիսով, Ղրղզստանի չկայացած պետությունում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ երևի պետք է խոսել ոչ թե անվտանգության համաշխարհային համակարգի մասին, որ պաշտոնապես գոյություն չունի, այլ միջազգային հարաբերությունների համաշխարհային կանոնների և անվտանգության համապարփակ շահերի պաշտպանության պրակտիկայի փլուզման մասին։ Այս իրավիճակը միանգամից չի առաջացել, այլ եղել է փլուզման տևական գործընթացի արդյունք. դա նախ խորհրդային բլոկի փլուզումն էր, ապա ՆԱՏՕ-ի պառակտումը։ Իհարկե, համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ուժի համաշխարհային կենտրոնների, նախ և առաջ ԱՄՆ-ի ու Եվրամիության միջև հակասությունների սրումը, համաշխարհային նոր քաղաքական ու տնտեսական կենտրոնների առաջացումը խթանեցին փլուզման արագացումը, բայց ակնհայտ է, որ բուն ճգնաժամը ծագել է հարաբերությունների ու խաղերի` վերջին տասնամյակներում ձևավորված կանոնների փլուզման պատճառով։
Այսպես, վերջին երկու տասնամյակում ովքեր ասես` կոմունիստները, սոցիալիստները, ազատականները և պահպանողականները, քննարկում էին բազմաբևեռայնության հարցը, դատապարտում ամերիկյան իմպերիալիզմը։ Վերջապես, միաբևեռ աշխարհի գոյության պաշարը սպառված է, և ԱՄՆ-ը, փաստորեն, հրաժարվել է համաշխարհային հեգեմոնի դերից։ Բանը մի ինչ-որ քաղաքական մոդայի կամ Օբամայի ճաշակի մասին չէ։ Ամերիկյան ժողովուրդն ինքն է ուզում հասկանալ, թե ինչի համար են ժողովրդավարության պահպանման ու ամրապնդման համար իր տված անհամար զոհերն ու նյութական վիթխարի ծախսերը, որն է աշխարհում ամերիկյան առաքելության իմաստը։ Աֆղանստանը դարձավ անվտանգության համաշխարհային համակարգի և արևմտյան արժեքների համակարգի ճգնաժամի ակնբախ օրինակը։
ՈՒժի ավանդական համաշխարհային կենտրոնների թուլացմանը զուգընթաց առաջանում են ուժի նոր օջախներ` ի դեմս տարածաշրջանային խոշոր պետությունների, իմա` Պակիստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, և այդ բոլոր պետությունները պատկանում են իսլամական աշխարհին։ Բայց այս նոր «հավակնորդներն» այնքան էլ հզոր չեն և չեն կարող ձեռնոց նետել ուժի համաշխարհային կենտրոններին։ Դրանք մեկուսացած ու շրջափակված են քաղաքական իրողությունների պատճառով, և հարկադրված են խաղալ «հանուն խաղի»։ Այնուամենայնիվ, նրանք կարող են մարտահրավեր անել շատ ուղղություններով (չի բացառվում նրանց մասնակցությունը տարածաշրջանային ռազմական հակամարտություններին) և հեղինակել աշխարհաքաղաքական տարբեր սխեմաներ, որոնք կարող են գրավիչ լինել որոշ այլ պետությունների համար։
Թեև ԱՄՆ-ն ու Եվրոպան Իրանը համարում են սպառնալից պետություն, սակայն նաև հասկանում են, որ նա ագրեսիվ պետություն չէ։ Նրանք նաև հասկանում են, որ Թուրքիան ու Պակիստանը շատ ավելի վտանգավոր են, և հենց նրանցից է բխում Բալկաններից մինչև Չինաստան ընկած տարածքին սպառնացող վտանգը։ Բայց առանց Իրանի Թուրքիան ու Պակիստանը չեն կարող կազմավորել որևէ տարածաշրջանային ռազմաքաղաքական բլոկ, եթե անգամ նրանց աջակցի Սաուդյան Արաբիան։ Իրանի համար այդ հավակնոտ պետությունների հետ դաշինք կազմելը հավասար է մահվան, և նա ավելի շուտ կձգտի մոտ հարաբերություններ ունենալ արաբական ու եվրասիական պետությունների հետ, որոնց շրջանում Իրանն իրեն ավելի ապահով ու հարմարավետ է զգում։ Միաժամանակ ԱՄՆ-ը, Եվրոպան ու Ռուսաստանը հիանալի զգում են, որ Պակիստանը, և հատկապես Թուրքիան, ի վիճակի են տհաճ ու վտանգավոր դեպքեր հրահրելու մի շարք տարածաշրջաններում։ ՈՒժի արևմտյան երեք կենտրոններն աշխատում են սպասողական մարտավարություն ընդունել և Թուրքիային առավելագույնս օգտագործել համաշխարհային մեծ խաղում։ ԱՄՆ-ն ակնկալում է, որ սկսելով տարածաշրջանային զավթարշավի նոր փուլ, Թուրքիան լուրջ հակասությունների մեջ կմտնի Ռուսաստանի, Իրանի, արաբական, կովկասյան և բալկանյան պետությունների հետ։ Եվրոպան սպասողական դիրք է բռնել, է՛լ ավելի «անմատչելի բարձունքից» այս ամենին հետևում է Չինաստանը։
Այսպիսով, տեղի ունի երկու իրողությունների զուգորդություն. ԱՄՆ-ի և մյուս առաջատար արևմտյան տերությունների ձգտում` չմիջամտելու տարածաշրջանային հակամարտություններին, ապա` չմիջամտելու մարտավարության ընտրություն` նպատակ հետապնդելով տվյալ հակամարտությունների մեջ ներքաշել իրենց մրցակիցներին ու հակառակորդներին։ Սա անվտանգության խնդիրների տեսակետից շատ հետաքրքիր իրավիճակ է։ ԱՄՆ-ը մի որոշ ժամանակ չի խոչընդոտի որևէ մեկին միջամտելու տարածաշրջանային ճգնաժամային իրավիճակներին, եթե անգամ իսլամական արմատականները փորձեն ակտիվանալ Կենտրոնական Ասիայում։ ԱՄՆ-ը բոլոր երկրներին ու ժողովուրդներին հնարավորություն է ընձեռում համոզվելու, թե որքան բարդ ու վտանգավոր է գոյատևել առանց անվտանգության համապարփակ համակարգի, որքան կարևոր է Հյուսիսատլանտյան դաշինքը, այդ թվում նաև` Եվրասիայի, Մերձավոր Արևելքի, Կենտրոնական ու Հարավային Ասիայի երկրների համար։ Իհարկե, ամերիկացիների պատկերացմամբ, գլխավոր սպառնալիքը ոչ թե Թուրքիան է կամ Պակիստանը, այլ Չինաստանը, որի շուրջն ԱՄՆ-ը շարունակում է ստեղծել զսպման ու անվտանգության գոտի` մասնակցությամբ Հարավարևելյան Ասիայի, Հեռավոր Արևելքի, Հարավային Ասիայի ու Եվրասիայի պետությունների։ Չինաստանին զսպելը ԱՄՆ-ի գլխավոր նպատակն է առաջիկա տասնամյակներում, ինչն էլ հավանաբար կդառնա անվտանգության արևմտյան համակարգի գոյության իմաստը։ Իսկ Թուրքիան ԱՄՆ-ի կողմից օգտագործվում է որպես տարածաշրջանային, գուցե և միջտարածաշրջանային սպառնալիք, նպատակ ունենալով ակնբախորեն ցույց տալ, թե որքան վտանգավոր կարող է լինել ուժեղացած տարածաշրջանային տերությունը, որի նկատմամբ ԱՄՆ-ը կորցրել է վերահսկողությունը։ Թուրքիայի քաղաքականությունն ու հավակնությունները կդառնան ԱՄՆ-ի դեռ շատ փորձերի ու ձեռնածությունների առարկա։ ԱՄՆ-ը սահմանափակել է կամ առհասարակ վերանայել է «մարդասիրական ներխուժումների» պրակտիկան, թեև դեռ հասկանալի չէ, թե որքան ժամանակով, բայց այդ մարտավարության փոխարեն աշխատում է ուժեղացնել և ավելի խորամանկ ու բովանդակալի դարձնել խաղը տարածաշրջանային մակրոտերությունների նկատմամբ։
ԱՄՆ-ի համար երանություն կլիներ Թուրքիայի միջամտությունը Ղրղզստանի իրադարձություններին, որոնք նրան մասնակից կդարձնեին տևական հակամարտության և նյութական հսկայական ծախսեր կպահանջեին նրանից։ Այս վարկածները, իհարկե, հազիվ թե իրականություն դառնան, բայց, այսպես թե այնպես, դա մի տրամաբանական ուրվանկար է, որը կարող էր դառնալ տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության նոր ոճի նմուշ։ Բացառված չէ, որ այլ առաջատար տերություններ ևս, օրինակ, Ռուսաստանը, կփորձեն օգտագործել այս հնարքները, բայց Ռուսաստանի համար դա շատ ավելի վտանգավոր խաղ է, քան ԱՄՆ-ի։
Ղրղզստանի իրադարձություններն ազդանշան են Եվրասիայի, Մերձավոր Արևելքի, Կովկասի ու Բալկանների տերություններին առ այն, որ նրանք չպետք է արտաքին աջակցություն ակնկալեն զինված հակամարտությունների դեպքում։ Անտարակույս, ուժի համաշխարհային կենտրոնները կմասնակցեն իրադարձություններին, եթե դրանք անվտանգության արևմտյան համակարգի համար իրական սպառնալիք ներկայացնեն։ Բայց Արևմուտքը հակված է սպասելու, և դա պետք է ընկալել որպես նոր քաղաքական ոճ և վարքագծի իմաստային սխեմա։
Բայց որքան էլ տարօրինակ լինի, հենց այս պայմաններում Հայաստանը պետք է գործի վճռականորեն։ Եթե աշխարհի ուժեղները մտադիր են սպասողական դիրք բռնել, ապա ընդունելի կլիներ չընթանալ նրանց քաղաքականության հունով և այլ վարքագիծ ներշնչել նրանց։ Որքան շուտ, այնքան լավ։ Հայաստանը չի կարող այսուհետ ևս մնալ պաշարված ամրոցի վիճակում և պետք է սեփական անկախությունն ու անձեռն-մխելիությունը պաշտպանելու վճռականություն ցուցաբերի։ Մշտական զիջողականությունն ու դիվանագիտական խաղիկները միայն պարտության կհանգեցնեն, ընդ որում, շատ շոշափելի։ Պետք է որոշում ընդունել հակառակորդների հետ բանակցությունները դադարեցնելու մասին և դրանով իսկ խնդիրներ առաջացնել, և արդեն ոչ թե իր, այլ նրանց համար, ովքեր աշխատում են իրավիճակն օգտագործել իրենց օգտին։ Պետք է սկսել նոր քաղաքականություն, քանի դեռ ուժի համաշխարհային կենտրոնների նոր քաղաքականությունն ամբողջ թափով չի ծավալվել։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ